Էական փոփոխություններ օրենքում. Հրապարակ

Էական փոփոխություններ օրենքում. Հրապարակ

«Իմ քայլն» ԱԺ է ներկայացրել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որի վրա աշխատում էր 1 տարուց ավելի։ Էական փոփոխություններ են կատարվել հատկապես կուսակցությունների ֆինանսավորման, եկամուտների, նվիրատվությունների, դրանց  հաշվետվողականության եւ սանկցիաների հատվածում։ Օրինակ, կուսակցությունն իր հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակելուց հետո պարտավոր է հաշվետվությունը եւ դրա հրապարակման փաստը վկայող ապացույցը ներկայացնել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հաշվետվության հրապարակման եւ ներկայացման կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ձեւը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կուսակցություններն իրավունք ունեն հաշվետվությանը կից ներկայացնել լրացուցիչ բացատրական նյութեր։ Կուսակցության տարեկան հաշվետվությունը պետք է պարունակի կուսակցության եկամուտները, մուտքի վճարներ, անդամավճարներ, նվիրատվություններ, վարկեր, փոխառություններ, կուսակցության գույքի առքուվաճառքից, վարձակալությունից եւ չարգելված այլ գործարքներից ստացված եկամուտներ, բյուջետային ֆինանսավորում եւ այլն։ Բացի այդ, կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները եւս պարտավորվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Իսկ կուսակցության գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել, եթե  հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովին տրամադրելու օրենքով սահմանված կարգը դիտավորությամբ խախտվի եւ սահմանված մեկամսյա ժամկետում չշտկվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում