ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի հետ նոր բանակցությունների
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում քննարկել է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հետագա քայլերը` հունվարի 12-ին կայացած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են Ռուսաստանի Դաշնության հետ նոր հանդիպման։ Այս մասին դեկտեմբերի 14-ին գրավոր հայտարարություն է տարածել Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պատրաստ են կրկին հանդիպել Ռուսաստանի հետ և հակված են շարունակելու երկխոսությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, ինչպես նաև՝ Ազովի ծովում արևմտյան ռազմական օբյեկտների ու բազաների հայտնվելը Մոսկվային ձեռք չեն տալիս և կարմիր գծեր են։ ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ Մոսկվան չի ընդունում ՌԴ-ի սահմանների մոտ դաշինքի ի հայտ գալը՝ հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի ներկայիս քաղաքական կուրսը։
Լավրովը նաև նշել էր, որ հիմքեր կան ենթադրելու, որ ՆԱՏՕ-ն առաջիկա ամիսներին կարող է սկսել ուժեր կուտակել Ռուսաստանի մոտ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատրվակով։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին, և որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ծրագրերում առկա է անվտանգության երաշխիքների գործընթացը «փակելու» ցանկություն։ Նա ընդգծել է, որ իրավիճակը չի բարելավվում, կոնֆլիկտային ներուժ է կուտակվում։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ-ին աշխատել Ռուսաստանի առաջարկած անվտանգության երաշխիքների նախագծերի ուղղությամբ և ընդգծել է, որ ռուսական կողմը դեմ է պատերազմին և հանդես է գալիս «բոլոր միջազգային հարցերի դիվանագիտական լուծման օգտին»:
Կարծիքներ