Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ. նախարար
Ամեն օր առնվազն մի քանի տասնյակ նամակ եմ ստանում մեր քաղաքացիներից, որոնցում ներկայացված են բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառածածկ տարածքների և այլ բնատարածքների աղտոտման, բնության հուշարձաններում բուսատեսակների վնասման դեպքեր՝ կցված լուսանկարներով։
Ներքին զբոսաշրջության ակտիվացման հետևանքով վերջին շրջանում մեծացել է մարդածին ազդեցությունը զբոսաշրջության տեսանկյունից առավել ուշագրավ տարածքներում և տեղամասերում, արձանագրվել են խիստ ծանրաբեռնված տեղամասեր։ Այդ տեղամասերում գրանցվել են մի շարք խնդիրներ՝ մարդկանց կուտակումների հետևանքով շրջակա միջավայրի օրենսդրության պահանջների պահպանության՝ մասնավորապես տարածքների աղտոտման և աղբահանության հետ կապված խնդիրներ:
Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով իմ կարգադրությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարին։ Խնդրել եմ աջակցություն մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
Մեկ այլ գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար։
Միայն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման արդյունավետ փոխգործակցության արդյունքում է հնարավոր արձանագրել ցանկալի արդյունքներ ամենակարճ ժամկետներում:
Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր լուման ներդրեք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում։
Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր դերն ունի բնապահպանական աղետների մեղմման գործում։
Իհարկե շատ կարևոր է դեպքերի արձանագրումն ու բարձրաձայնումը, սակայն, պակաս կարևոր չէ սեփական վարքով չնպաստել վիճակի վատթարացմանը։ Հարկավոր է ավելի հոգատար ու պատասխանատու վարք դրսևորել բնության և շրջակա միավայրի հանդեպ։
Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է
#պաշտպանված_շրջակա_միջավայր
Նախարար Ռոմանոս Պետրոսյանի գրառումը
Կարծիքներ