Չինաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Թայվանի խնդրի շուրջ լարվածության սրման մասին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին շաբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնան Չինաստանի հետ լարվածության աճից եւ հրաժարվեն թայվանցի անջատողականներին աջակցությունից, քանի որ դա բացասաբար կանդրադառնա միջազգային իրավիճակի եւ գլոբալ զարգացման վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հույս ունենք, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնան իրենց խոսքին <...> եւ նոր սառը պատերազմ չեն սկսի, չեն ձգտի առճակատման եւ հակասությունների, կհրաժարվեն աջակցել Թայվանի այսպես կոչված անկախության գաղափարին,- շեշտել է նա՝ առցանց ելույթ ունենալով Global Think Tank Summit-ին:- Ամբողջ աշխարհի ապագան կախված է նրանից` արդյոք Պեկինը եւ Վաշինգտոնը կկարողանան կարգավորել երկկողմ հարաբերությունները»։
Ինչպես պարզաբանել է չին նախարարը, գլոբալիզացման համատեքստում «անհրաժեշտ է ժամանակին համընթաց գործել», մասնավորապես, հրաժարվել պրոտեկցիոնիստական միջոցներից, քանի որ դրանք «հակասում են ընդհանուր միտումին» եւ վնասում են միջազգային հարաբերությունները։ «Հակամարտությունն օգուտ չի բերի ո՛չ ՉԺՀ-ին, ո՛չ ԱՄՆ-ին, եւ ավելին, անտանելի դժվարություններ կստեղծի մնացած բոլոր երկրների համար»,- եզրափակել է նա։
Վան Ին հիշեցրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ավելի վաղ «լուրջ նախազգուշացում էր արել» ԱՄՆ բարձրագույն ղեկավարությանը Թայվանի գործերին արտաքին միջամտության անընդունելիության մասին, քանի որ Պեկինն այդպիսի գործողությունները որպես ոտնձգություն է դիտարկում Չինաստանի ինքնիշխանության դեմ։
«Թայվանը մեր երկրի մի մասն է, եւ մենք բոլոր ջանքերը կգործադրենք խաղաղ կերպով միավորվելու համար»,- հավելել է չինացի դիվանագետը։ «Եվ որքան ուժեղ է «Թայվանի անկախությունը» մերժելու դիրքորոշումը, այնքան ավելի վճռական են Թայվանում անջատողական տրամադրությունները ճնշելու միջոցները, <...> այնքան ուժեղ երաշխիք կլինի, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում կտիրի»:
Կարծիքներ