ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է մեծ քանակությամբ հարստացված ուրան

ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերել է մեծ քանակությամբ հարստացված ուրան

Իրանի հարստացված ուրանի պաշարները 16 անգամ գերազանցում են 2015 թվականի պայմանագրով թույլատրված քանակը: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), փոխանցում է Deutsche Welle-ն։ Կազմակերպության տվյալներով ՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները գնահատվում են 3 241 կիլոգրամ:

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է նաև, որ Իրանի իշխանությունները կազմակերպությանն ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել միջուկային օբյեկտների վերաբերյալ: Նա մտահոգություն է հայտնել առ այն, որ Իրանը չի պատասխանում ՄԱԳԱՏԷ-ի կողմից բարձրացված բոլոր տեխնիկական հարցերին, ներառյալ` որտեղից է հայտնվել այդպիսի քանակի ուրանը:

Ըստ Գրոսիի, բանակցություններում առաջընթացի բացակայությունն անհնար է դարձնում հստակ պարզել երկրի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Եվ դա կարող է դանդաղեցնել բանակցությունները նոր միջուկային գործարքի շուրջ:

Վիեննայում ավելի քան մեկ ամիս բանակցություններ են ընթանում Իրանի և 2015 թվականի միջուկային համաձայնագիրը ստորագրած պետությունների միջև։ Նախագահ Ջոզեֆ Բայդենի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգները ուղերձ է հղել Իրանին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքին, եթե բավարարվեն որոշակի պայմաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում