Համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության հիմնադիր տնօրեն Պավել Խաչատրյանը։
Կողմերի միջև նախատեսվում է համագործակցություն՝ սպորտային միջոցառումների ընթացքում կիրառելով թվային տեխնոլոգիաների լուծումներ, ինչպես նաև նախատեսվում է համատեղ ծրագրերի մշակում՝ թվային տեխնոլոգիաների միջոցով դեռահասների և պատանիների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ու սպորտի մասսայականացման նպատակով։
«ՍոուլՄի»-ն հայկական ՏՏ սթարթափ է, որը ստեղծում է թվային հիշողություններ: Ընկերության կողմից արդեն իսկ ստեղծվել են մարզիկների անհատական թվային քարտեր, որտեղ QR կոդերի միջոցով մարզիկներն ու երկրպագուները հնարավորություն կունենան ստեղծելու և պահպանելու տեսանյութեր ու այլ մեդիաարտադրանք: Ստեղծվել են նաև սթիքերներ, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված առաջնությունների ու մրցաշարերի ժամանակ փակցվելու են գավաթների ու դիպլոմների վրա՝ մարզիկին թողնելով նաև վիդեո հիշողություններ առաջնության ամբողջ ընթացքից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է մարզիկների հանրահռչակման գործընթացը, որն այսուհետ իրականացվելու է նաև նորարարական լուծումներով:
«Շուտով կընդունվի Հայաստանի սպորտի զարգացման ռազմավարությունը, որի հենակետային դրույթներից մեկը մարզիկների հանրահռչակումն ու նրանց հեղինակության բարձրացումն է: Մեր մարզիկները պետք է ավելի ճանաչելի լինեն՝ օրինակ ծառայելով երեխաներին: Այս նորարարական հանրահռչակման մեթոդը կծառայի այդ նպատակին: QR կոդով, հեռախոսի սքանավորման միջոցով մարզիկն իր մոտ կունենա այսպես կոչված ալբոմ, որը ցանկացած պահի կլինի հասանելի: Երկրպագուները նույնպես կկարողանան իրենց մոտ պահել մարզիկների հետ իրենց լուսանկարները, դրանք հրապարակել սոցիալական կայքերի էջերում»,- ընդգծում է Կարեն Գիլոյանը:
«ՍոուլՄի» թվային քարտերը փորձնական տարբերակով առաջին անգամ փորձարկվել են Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ:
Պավել Խաչատրյանն ընդգծում է՝ իրենք առաջարկում են անհատականացված լուծումներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, սպորտը, մշակույթը և բիզնեսը՝ առաջնահերթությունը տալով այս ոլորտների միջոցառումների թվայնացմանը։
«Թվայնացնում ենք սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման գործընթացները՝ գրանցումից մինչև տեղեկատվության տրամադրում, մասնակիցների միջև ինտերակտիվ հաղորդակցությունից մինչև հետադարձ կապի ստացում։ Ֆիզիկական ատրիբուտները՝ մեդալներ, գավաթներ, դիպլոմներ, պարգևներ, կրծքանշաններ, տաղավարներ և այլն նույնպես թվայնացվում են։ Այսպիսով, առավելագույնի է հասցվում միջոցառումների արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կազմակերպիչներին հավաքագրել տվյալներ՝ հետագայում վերլուծելու և միջոցառումների քարոզչության նպատակով, իսկ մասնակիցներին՝ ստանալու լավագույն տպավորություններ»,- նշում է Պավել Խաչատրյանը:
ԿԳՄՍ նախարարության և «ՍոուլՄի» ՏՏ կազմակերպության միջև համագործակցության շրջանակում նորարարական լուծումները՝ սթիքերները և քարտային համակարգն առաջին անգամ կներդրվի Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարում, որը կանցկացվի հունիսի 15-17-ը Երևանի «Միկա» մարզահամալիրում:
Կարծիքներ