Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է մեկուսացվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 05:04-ին ահազանգ է ստացել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է նկատվում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայրում հերթապահող հրշեջ-փրկարարական ջոկատն իրականացրել է հրդեհի նոր օջախի (մոտ 1000 քմ) հրդեհաշիջման աշխատանքներ․ ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 07:05-ին․ տարածման վտանգ չկա․ իրականացվում է հերթապահություն։
«Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է նաև «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 5 ջրատար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հունիսի 8-ին, ժամը 10։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։40-ին։
Հունիսի 9-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայրում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները նկատել են հրդեհի նոր օջախ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Երկրորդ օջախում հրդեհը մարվել է ժամը 21։40-ին։ Այրվել է մոտ 400 խմ շինարարական աղբ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 21 փրկարար ծառայող, ներգրավված է եղել Երևանի քաղաքապետարանի երկու ջրատար, օգտագործվել է մոտ 424 տոննա ջուր։
Կարծիքներ