Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում ասված է.

 

«Մայիսի 1-ը՝ Աշխատանքի օրը, լավ առիթ է գնահատելու մարդկանց ամենօրյա աշխատանքն ու ներդրումը, որոնց շնորհիվ զարգանում և կայանում է մեր պետությունը։

 

Համոզված եմ, որ ՊԵԿ-ի առաքելությունը՝ ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին, իրականություն է դառնում հենց ձեր աշխատանքի շնորհիվ։ Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս աշխատողների իրավունքների պաշտպանությանը և նրանց ձայնի լսելիությանը՝ որպես մարդակենտրոն կառավարման հիմնարար սկզբունք։

 

Աշխատանքի օրվա կապակցությամբ հանդիպել եմ Պետական եկամուտների կոմիտեի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահության անդամների հետ։ Ընդգծել եմ, որ Կոմիտեի ընթացիկ փոխակերպման փուլում արհեստակցական կազմակերպության դերն առավել կարևոր է դառնում, քանի որ այն ներկայացնում է աշխատակիցների շահերը և բարձրաձայնում այն խնդիրները, որոնց նրանք բախվում են իրենց աշխատանքային գործունեության ընթացքում։

 

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա՝ հիմքում ունենալով մարդակենտրոն կառավարման սկզբունքը։ Առաջարկել եմ վերանայել աջակցության գործիքակազմն ու ուղղվածությունը՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը և աշխատանքային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ընդգծել եմ համագործակցությունը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու կարևորությունը։

 

Հենց այսպիսի հետևողական աշխատանքն ու համագործակցությունն են ձևավորում մեր տեսլականը՝ ունենալ դինամիկ զարգացող, տեխնոլոգիական նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ առաջատար կառույց։

 

Հանդիպման ավարտին պարգևատրել եմ ՊԵԿ-ում անցկացված հրաձգության մրցմանն առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին՝ հանձնելով պատվոգրեր և մեդալներ։

 

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, արդյունավետ աշխատանք և նոր ձեռքբերումներ»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում