Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-25 թթ. համագործակցության պլանը
Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները։
Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Դրանք նախագահել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգին։
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
Կարծիքներ