Շառլ Միշելը աթոռը չի զիջել ֆոն դեր Լեյենին՝ ելնելով կանանց և տղամարդկանց հավասարության իր տեսլականից
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կապված միջադեպի առիթով ստացվում են նոր բացատրություններ, հայտնում է ТАСС-ը:
Համացանցում տարածված տեսանյութում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը, Թուրքիայի նախագահ Էրդողանը և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լեյենը մտնում են բանակցությունների սենյակ, որտեղ երկու աթոռ է՝ Թուրքիայի և Եվրամիության դրոշների մոտ: Միշելն ու Էրդողանը արագ զբաղեցնում են այդ աթոռները, իսկ ֆոն դեր Լեյենը մնում է ոտքի վրա կանգնած՝ ակնհայտ արտահայտելով տարակուսանք ու դժգոհություն: Որոշ ժամանակ անց նրան նստեցնում են բազմոցին:
Տեսանյութի հրապարակումը սկանդալ է առաջացրել ԵՄ-ում, շատերը նախատում են Միշելին՝ ֆոն դեր Լեյենի համար աթոռ չպահանջելու կամ նրան իր տեղը չզիջելու համար:
Եվրոպայի խորհրդի նախագահը պարզաբանել է, որ իր աթոռը Լեյենին չի զիջել, քանի որ առաջնորդվում է տղամարդկանց և կանանց հավասարության նկատառումներով:
«Այդ ժամանակ ես համոզված էի, որ իմ կողմից ցանկացած գործողություն կարող է մեկնաբանվել որպես պատեռնալիզմ: Գուցե դա իմ կողմից սխալ էր, բայց դա է տղամարդկանց և կանանց հավասար հարաբերությունների իմ տեսլականը»,- ասել է Շառլ Միշելը բելգիական LN24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերն ասել է, որ ֆոն դեր Լեյենը իր թիմին հանձնարարել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ապագայում նման դեպքի կրկնությունը կանխելու համար: Արարողակարգի տեսանկյունից՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը և Եվրոպայի խորհրդի ղեկավարն ունեն հավասար քաղաքական կարգավիճակ:
Կարծիքներ