Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել անասնապահության ոլորտի խնդիրների շուրջ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում ստեղծված խնդիրներին:
Ինչպես տեղեկացրին Արցախի պետական նախարարի աշխատակազմից, պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:
«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար, անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Պետական նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:
Խորհրդակցությանը մասնակցել են Գյուղատնտեսության, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն ու փոխնախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը:
Կարծիքներ