Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս
ԵՄ-ն մտադիր է բյուջետային աջակցության շրջանակներում լրացուցիչ 30 մլն եվրո հատկացնել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանն աջակցելու ֆինանսական բեռը կիսելու և ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը նպաստելու համար:
Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Պետք է նշենք, որ հուլիսի 22-ին ԵՄ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ Հայաստանն օգտվում է Խաղաղության հիմնադրամից: Սա ամրապնդում է ձեր կարողությունները, հատկապես, եթե խոսքը գնում է նաև խաղաղության առաքելություններին մասնակցելուն: Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով Հայաստանը ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել և Եվրամիությունը 10 միլիոն եվրո էր հատկացրել Հայաստանին Խաղաղության հիմնադրամի միջոցներից»,- ասաց ԵՄ դեսպանը:
Մարագոսը հիշեցրել է, որ ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել էր Հայաստանի դիմակայունությանը և զարգացմանն աջակցելու ծրագիրը, ըստ որի՝ առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին տրամադրվելու է 270 մլն եվրոյի դրամաշնորհային աջակցություն:
«Հուսով ենք, որ սա կարևորագույն դերակատարում կունենա Հայաստանի դիմակայունությունը զարգացնելու և Եվրոպային ավելի մերձեցնելու, հատկապես գործարար կապերի զարգացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև տարածաշրջանում և գլոբալ շուկայում տնտեսական կայուն զարգացում ապահովելու տեսանկյունից: Սա կարևոր է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության ապահովման տեսլականն իրականացնելու համար: Այս տեսլականն ուղղված չէ տարածաշրջանում որևէ մեկի դեմ, այլ հետևողական է և համապատասխանում է տարածաշրջանում մեր քաղաքականությանը»,- ասավ Մարագոսը:
Կարծիքներ