ՄԻՊ-ը միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ քննարկել է համագործակցության ուղղություններ
Ապրիլի 5-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։ Հանդիպմանը տեսակապով միացել է IRZ-ի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ում հետ քննարկվել են համագործակցային մի շարք հարցեր:
Պաշտպան Գրիգորյանը, ողջունելով միջազգային գործընկերներին, նշել է, որ IRZ-ի հետ ՄԻՊ հաստատության արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում համագործակցությունը զարգացնելու համար: Ֆրանկ Հուփֆելդն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ՝ ընդգծելով Քրիստիննե Գրիգորյանի հետ արդյունավետ համագործակցության նախկին փորձը, վստահություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի առաքելության շրջանակում:
Օրակարգային հարցերի քննարկման շրջանակում կողմերն անդրադարձել են նախկինում կազմակերպված կարողությունների զարգացման միջոցառման արդյունքների ամփոփմանը և ծրագրային համագործակցության նոր ուղղությունների նախանշմանն առնչվող մի շարք հարցերի:
Մասնավորապես՝ Պաշտպան Գրիգորյանը համագործակցային նոր ուղղությունների շրջանակում ներկայացրել է որպես կանխարգելման ազգային մեխանիզմ ՄԻՊ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման մշտադիտարկման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, ընդգծել է շտապ օգնության բժիշկների և քրեական ոստիկանության ու Պաշտպանի հաստատության աշխատակիցների համատեղ վերապատրաստումների կարևորությունը՝ միտված խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ արձանագրման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կարևորել է նոր ընդունված քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների լույսի ներքո անձանց բերման ենթարկելու ինստիտուտի իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման անհրաժեշտությունը:
Ֆրանկ Հուփֆելդը, բարձր գնահատելով համատեղ իրականացված նախկին ծրագրերի ամփոփման արդյունքները, պատրաստակամություն է հայտնել ՄԻՊ աշխատակազմի հետ նախանշված նոր ուղղություններով ծրագրային համագործակցության հարցում:
Կարծիքներ