Հունաստանը ողջունել է Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը
Հունաստանի ԱԳՆ-ն ողջունել է ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հունաստանը, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, գոհունակությամբ է ուսումնասիրում Թուրքիայի Հանրապետության պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, դրա առաջնորդի և մյուս ղեկավարների դեմ սահմանված պատժամիջոցների մասին ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրությունը...»,- նշվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։
Ինչպես հայտարարել Է պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ:
Նա կոչ էր արել Թուրքիային ԱՄՆ-ի հետ համակարգմամբ «անհապաղ» լուծել C-400-ի հետ կապված խնդիրը։
«Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից ռուսական C-400-ների գնման հետ կապված պատժամիջոցների սահմանումը և հայտարարել է պատասխան քայլերի մասին
Կարծիքներ