Երբ ուզում եմ վախենալ, հիշում եմ 18-19 տարեկան զինվորներին, նրանց ինքնատիրապետումը ահավոր վտանգի առջև կանգնած լինելով
1941 թվականի հոկտեմբերի 15, 16, 17-ին գերմանական զորքերը մոտեցել էին Մոսկվային: Այդ օրերը հայտնի են որպես «մոսկովյան խուճապի օրեր»: Հոկտեմբերի 14-ին ռադիոյով միայն մեկ հաղորդագրություն հնչեց՝ թշնամու զորքերը ճեղքել են ֆրոնտը... Եվ վերջ: Այս նախադասությունն ու դրան հաջորդող լիքը խուճապահարների արտահայտությունները հանգեցրեցին մեծ մոսկովյան խուճապին, որի ժամանակ լիքը մարդիկ զոհվեցին ու զանգվածային անկարգություններ եղան քաղաքում: Այդ օրերին իր կյանքում միակ անգամ փակվեց նաև Մոսկվայի մետրոն:
Այնինչ, գերմանական զորքերը գտնվում էին Մոսկվայից մոտավորապես 100-150 կմ հեռավորության վրա, և հենց այդ օրերին առանձնակի գործողություններ չէին իրականացնում, քանի որ սպասում էին ուժերի համալրման: Այդ հեռավորությունն անցնելու համար էլ նրանց բավական երկար ժամանակ էր անհրաժեշտ, քանի որ 2 կմ-ն անցնում էին մեկ օրում:
Խուճապահարները վազում էին փողոցներով և սուտ տեղեկություններ բղավում: Իհարկե չեմ ուզում վախեցնել գիշերվա կեսին և պատմել, թե Ստալինն ինչ հեշտությամբ էր լուծում խնդիրներ առաջացնող մարդկանց հարցերը: Բայց դա չի հարցը: Ականատեսներից մեկն անգամ պատմում է, որ այդ օրն ինքը ռադիոյով լսել է գերմաներեն ինչ-որ հաղորդագրություն: Խուճապն անգամ պատրանքներ ու հալյուցինացիաներ էր առաջ բերել մարդկանց մոտ:
Հ.Գ.
Երբ ուզում եմ վախենալ, հիշում եմ 18-19 տարեկան զինվորներին, նրանց հասուն խաղաղությունը, ինքնատիրապետումը ահավոր վտանգի առջև կանգնած լինելով, զուսպ պատմությունը ունեցած վախի ու տագնապի մասին, և ամաչում եմ: Եկեք ջանք գործադրենք և փրկենք յուրաքանչյուրս մեկ հոգու, մեկ հոգու ներքին խաղաղությունը՝ մեր ներքին խաղաղությունը:
Անուշ Ալեքսանյան
Կարծիքներ