Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ. Սևակ փողոցում գործող ռեստորանային համալիրի հարակից տարածքում նկատել են բարձրաձայն միմյանց հետ զրուցող երիտասարդների, մոտեցել են վերջիններիս, ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը:
Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջներին՝ երիտասարդներից մեկն սկսել է քաշքշել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հագուստները, հարվածներ հասցրել վերջինիս և քաշքշուկին միջամտած մյուս ոստիկանին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ՝ ծնված 1985թ., որն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ