Ֆրանսիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին. Անն Լույո
Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը ձեռնամուխ լինելու նպատակին՝ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին և նրանց հետ սերտ փոխհամաձայնեցված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով կազմակերպված միջոցառմանն այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որն առաջիկա օրերին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Շառլ Միշելի և կանցլեր Շոլցի հետ Քիշնևում կայացած հանդիպման արդյունքում նախագահ Մակրոնը վերահաստատել է, որ մեր պատասխանատվությունն է ձեռնամուխ լինել «Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և տևական խաղաղության հաստատմանը՝ հարգելով յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և մարդկանց, ինչպես նաև փոքրամասնությունների անվտանգությունը»։ Ֆրանսիան շարունակում է լիովին հանձնառու մնալ այս նպատակին Եվրամիության և Միացյալ Նահանգների կողքին՝ վերջիններիս հետ սերտ փոխհամաձայնեցված»,-ասաց դեսպանը:
Անն Լույոն նաև ողջունեց ու շնորհակալություն հայտնեց Եվրամիության քաղաքացիական առաքելության անդամներին՝ նրանց հիանալի աշխատանքի համար, որը նպաստում է խաղաղության ջանքերին։
Նա հույս հայտնեց, որ բանակցությունները, որոնք Վաշինգտոնյան հանդիպումից հետո հուլիսի 15-ին կշարունակվեն Բրյուսելում, հնարավորություն կընձեռեն առաջընթաց գրանցել այս ուղղությամբ։
Նա կոչ արեց չթուլացնել համատեղ ջանքերը՝ ընդլայնելու միջազգային հանրության ներգրավվածությունը խաղաղ գործընթացում:
Կարծիքներ