Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 41.5 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 159.1 մլն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ այն կրճատվել է 4.4, իսկ 2023-ի համեմատ՝ 37.3 տոկոսով: 2024-ի վերջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 888.9 մլն դոլար:
Արտահանումը 2023-ի համեմատ աճել է 53.1 տոկոսով՝ կազմելով 13 մլրդ 92.2 մլն դոլար: Դեկտեմբերին եղել է 757.4 մլն դոլար, ինչը 1.3 տոկոսով զիջում է նոյեմբերի և 48.6-ով՝ 2023 թվականի նույն ամսվա ցուցանիշին:
2024-ին ներմուծման ծավալները 33.8 տոկոսով գերազանցել են մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ հասնելով 17 մլրդ 66.9 մլն դոլարի: Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, կրճատվել են 6.5 տոկոսով և կազմել են 1 մլրդ 131.5 մլն դոլար: 2023 թվականի դեկտեմբերի համեմատ ծավալները կրճատվել են 26.5 տոկոսով: Նշված տվյալները ներկայացված են 2025 թվականի հունվարի 20-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկության ամփոփմամբ:
Կարծիքներ