Անշարժ գույքի շուկայում գների աճը ավելին է, քան պետք է լիներ․ԿԲ նախագահ
Տարիներ շարունակ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների որոշակի աճ է նկատվում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այս առումով երկու մեթոդ ունենք․ փորձում ենք անշարժ գույքի շուկայի գները հիմնականում համադրել մարդկանց իրական եկամուտների աճը ֆինանսական կամ ոչ ֆինանսական ակտիվների աճի հետ։ Մեր երկու մեթոդներով էլ համադրելով, մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկայում աճը ավելի բարձր է, քան իրական եկամուտների աճը, ուստի, մեր կարծիքով, անշարժ գույքի շուկայում կա որոշակի ավելի աճ, քան պետք է լիներ»,- ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև անդրադարձավ հիփոթեքային վարկերի շուկայում իրենց դիտարկումներին՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում դիտարկվել է տոկոսադրույքի աճ։
«Կենտրոնական բանկը վերջին երկու տարվա ընթացքում վարել է զսպող վարկային քաղաքականություն։ Բնականաբար, Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է շուկայում այլ տիպի տոկոսադրույքների բարձրացման, ներառյալ նաև հիփոթեքային վարկերը։ Սակայն հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքի աճը եղել է ավելի մեղմ, քան նույնիսկ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը»,- նշեց Գալստյանը։
Կարծիքներ