Առաջարկեցի բիտում գնել, բայց Ալիևն ասաց՝ դա մեզ մոտ լուրջ քննադատություն կառաջացնի. Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատմել է, որ մի ժամանակ անձամբ զանգահարել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին՝ տնտեսական համագործակցության առաջարկով։
«Ես նույնիսկ այն ժամանակ մի անգամ զանգել եմ Հեյդար Ալիևին ու ասել եմ, որ մեծ ծրագիր ենք իրականացնում։ Անձամբ իմ գրասենյակից զանգահարեցի և առաջարկեցի բիտումը նրանցից ձեռք բերել։ Մտածեցի, որ դա լավ քայլ կլինի, կսկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել»,– նշել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Ալիևը խնդրել է երկու օր ժամանակ՝ մտածելու համար, ապա հետ է զանգահարել և ասել, որ գաղափարը ճիշտ է, սակայն նման գործարքը Ադրբեջանում կարող է սխալ ընկալվել։
«Նա ասաց՝ ճիշտ ես ասում, բայց եթե ես այդ քայլին գնամ, շատ լուրջ քննադատության կենթարկվեմ։ Ես էլ պատասխանեցի, որ Հայաստանում ավելի շատ պետք է ինձ քննադատեն, որովհետև մենք ենք գնում և գումար վճարում ձեր ապրանքի համար։ Նա ասաց՝ հասկանում ես, այստեղ տրամադրությունները ուրիշ են, դուք հաղթած կողմ եք, և դա այլ կերպ է ընկալվում։ Սա էր իմ վերաբերմունքը տնտեսական համագործակցության հարցում»,– հավելել է Քոչարյանը։


Կարծիքներ