Քննարկվել են «Սևան» ազգային պարկի տարածքում հանգստացողների անվտանգության ապահովման հարցեր
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանդիպման առանցքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելման, հանրային և մասնավոր լողափերում փրկարարական ծառայության կազմակերպման, պետություն-մասնավոր համագործակցության ձևավորման հարցերն են եղել։
«Ողջունելով հյուրերին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրեց լողասեզոնի ընթացքում հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով Սևանա լճի հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի Սևանա լճի ափամերձ գոտում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների ուժերով և միջոցներով շուրջօրյա ջրափրկարարական հերթապահությունները, կատարված աշխատանքները, ինչպես նաև լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող իրազեկման աշխատանքները։
Իր խոսքում տնօրենն անդրադարձավ լողափերում և բուֆերային գոտիներում հսկողության, տվյալ տարածքները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների իրականացման հարցերին՝ կարևորելով հսկիչ-փրկարարի ինստիտուտի ձևավորման և ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա կանխարգելել ջրային գոտիներում դժբախտ պատահարները, միաժամանակ ապահովել հանգստացողների անվտանգությունը։
ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն հայտնեց կազմակերպել փրկարարների, փրկարարական կազմավորումների վերապատրաստման և որակավորման գործընթացը՝ որպեսզի վերջիններս առավելագույն պատրաստված լինեն փրկարարական գործողություններ իրականացնել նշված տարածքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև ջրային տրանսպորտային միջոցներում տեղորոշման համակարգի տեղադրման, դրանց գրանցման և հաշվառման, ջրային հատվածում անվտանգության գոտիների սահմանման և արգելանշանների տեղադրման, ափամերձ տարածքներում սանիտարական վիճակի համապատասխանության և փրկարարական աշտարակ-դիտակետերի տեղադրման հարցերը։
Նշվում է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են պետական և մասնավոր հատվածների միջև գործառույթների տարանջատման և իրականացման, օրենսդրական դաշտի բարելավման, վարչական պատասխանատվության սահմանման, այլ միջոցառումների իրականացման հարցեր։
Կարծիքներ