Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում:

Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը:

«Շատ ցավում եմ, որ մենք այսօր ունենք 2 000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Ադրբեջանցիների մոտ է մնացել ընդհանուրը 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք, այլ գրականություն»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ դրանք միայն հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային հուշարձաններ չեն, դրանք մարդկության ժառանգությունն են, օկուպացվել է քաղաքակրթական ժառանգություն. Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը և ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք են:

 «Մենք ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից անմիջապես հետո  ռմբապաստարաններում թաքցրած գույքը ետ բերել, փորձել ենք նաև փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք: Բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին, ադրբեջանցի նկարիչների գործերը շարունակում են մնալ մեզ մոտ: Այսինքն՝ չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»,- ասաց Ղարախանյանը:

Նա շեշտեց՝ հայկական կողմը գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում