Արցախի ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ,հեռախոսազանգով շնորհավորել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգարժա΄ն պարոն Տեսիե
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և Ֆրանսիայի ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ:
Ֆրանսախոսների բանակն այս օրն արժևորում է որպես խաղաղության ապահովման, հակամարտությունների կանխարգելման, լեզվա-մշակութային բազմազանության, երկրների զարգացման և ժողովուրդների միջև համերաշխության ապահովման օր:
Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկիր, մշտապես կարևոր դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և գործուն մասնակցություն ցուցաբերել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերն ու բարեկամական հարաբերությունները, և վստահ ենք, որ Ձեր շնորհիվ Արցախի ժողովրդի ձայնն ավելի լսելի կդառնա Ֆրանսիայում և ֆրանկոֆոն երկրներում:
Մինչ պատերազմը Արցախում մշակվում էին ՖՄԿ համագործակցության ծրագրեր: Ստեփանակերտում սկիզբ էր դրվել «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնադրմանը, ընդլայնվել ֆրանսասերների ակումբը:
2020թ. աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված արյունալի պատերազմը, ցավոք, ցույց տվեց, որ աշխարհի բոլոր երկրները չեն օժտված համամարդկային արժեքներով:
Այս առումով մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից 2020 թվականի նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունած բանաձևի, ինչպես նաև Ֆրանսիայի ժողովրդին՝ պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում Արցախի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար:
Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտում համագործակցությունը նոր թափ կստանա, կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը:
Հավաստիացնում ենք, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը հնարավորինս գտնվելու են Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Համոզված ենք, որ այս մարդասիրական մեծ ընտանիքը կպահպանի իր առաքելական գործունեությունը և կարդարացնի ֆրանկոֆոն ժողովուրդների ակնկալիքները:
Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ակտիվ ու արդյունավետ գործունեություն՝ ուղղված խաղաղության, ազգերի հավասարության և համերաշխության սկզբունքների համընդհանուր պաշտպանությանը:»
Կարծիքներ