Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին:
Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար՝ նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը:
Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր Ճաղարյանին իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու գործում, միաժամանակ հորդորելով աշխատակազմին՝ աջակցել նորանշանակ պաշտոնակատարի գործունեությանը և որպես պետական կառավարման կարևորագույն օղակի ներկայացուցիչներ՝ նպաստել երկրի կայունությանն ու առաջընթացին:
Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև Իջևան համայնքի խոշորացման գործընթացով պայմանավորված առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունները և դրանց ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:
Իջևանի համայնքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաղաքի առջև ծառացած բոլոր խնդիրները կլուծվեն համագործակցության մթնոլորտում:
Կարծիքներ