ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է դեպի Վրաստան անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան ելքի մոտ կա ավելի քան 900 բեռնատար, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։
«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի թողունակությունն ավելի արագ տեմպերով ավելացնելու ուղղությամբ։ Այս տարվա հուլիս ամսին կներդրվի լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12։ «Վերին Լարս» անցակետի ընդհանուր երթուղիների թիվը կհասնի 39-ի: Այժմ անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ»,-մանրամասնել են նախարարությունից։
Նշվում է, որ երթևեկության ավելացված ծավալի պատճառով Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում այժմ մոտ 900 բեռնատար է սպասում:
Տրանսպորտի նախարարությունից պարզաբանել են, որ ավելի վաղ պիկ ժամանակահատվածներում այս անցակետով անցել է մինչև 1500 ավտոմեքենա։ Այս տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին թիվը օրական կազմում էր մինչև 900 օրական:
«Մինչ օրս ձեռնարկված միջոցառումներով հնարավոր է դարձել անցակետի թողունակությունը հասցնել 2,3 հազար ավտոմեքենայի (որից 1000-1100-ը՝բեռնատար)»,- ընդգծել են նրանք։
Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հայտնել էր «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակման մասին։ Պարզաբանվել էր, որ մինչև 3000 բեռնատարներ սպասում էին Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուն, որոնք Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից բեռներ էին տեղափոխում Ռուսաստան։ Լոգիստիկ խոշոր ընկերությունում «Վեդոմոստի»-ի աղբյուրի համաձայն, բեռնափոխադրողների կորուստները միջինում օրական 600-700 եվրո են կազմել:
Կարծիքներ