ՄԱԿ-ում հայտարարել են, որ դեռ վաղ է խոսել Ուկրաինայում խաղաղապահներ տեղակայելու մասին
Ուկրաինայում խաղաղապահ առաքելության գաղափարը վաղաժամ է, դրա քննարկման համար անհրաժեշտ է նախ հրադադարի հասնել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Պիեռ Լակրուան։
«Կարծում եմ՝ դեռ վաղ է մտածել որևէ մեխանիզմի մասին, քանի դեռ չենք հասել կրակի դադարեցման», – ասել է նա։
Լակրուան նաև հույս է հայտնել, որ ինչ-որ պահի Ուկրաինայում ռազմական գործողությունները կդադարեցվեն, ինչպես նաև նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ այս ուղղությամբ ջանքերի մասին։
Մայիսի սկզբին ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանման գործողություն էր կազմակերպվել, որտեղ մնացել էին ուկրաինական խմբավորումների անդամները, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Մայիսի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ռուս զինվորականներն ամբողջությամբ ազատագրել են գործարանի տարածքը։
Կարծիքներ