Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող ԼՂ բնակչին առևանգելը ռազմական հանցագործություն է․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող ԼՂ բնակչին առևանգելը ռազմական հանցագործություն է․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչին առևանգելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Ադրբեջանի այդ գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է։ Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո գտնվող անձին առևանգելն այլ կերպ, քան ռազմական հանցագործություն, որակել չի կարելի։

«Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության:

Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ:

Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ:

Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը:

Ավելին, այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը:

Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը:

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ: Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելոց, որ ադրբեջանցի սահմանապահները նան ձերբակալել ու Բաքու են տեղափոխել։ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանում շինծու մեղադրանքներ են առաջադրել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում