Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 16-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«ՀՀ կառավարությունը ապրիլի 28-ի որոշմամբ հաստատեց կամավոր ատեստավորման նոր կարգը, որով սահմանվեց, որ կամավոր ատեստավորումը առնվազն 70 տոկոս արդյունքով անցած ուսուցիչները հնարավորություն կունենան ունենալ դրույքաչափի փոփոխություն՝ մեկ դրույքի համար 200 հազար դրամի չափով և այնուհետև դրան կգումարվի 30-ից 50 տոկոս հավելավճարը: Այսօր հայտերի ընդունման առաջին օրն է, այն բաց կլինի մինչև հունիսի 7-ը»,- ասաց փոխնախարարը:
Նա ասաց, որ 2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև հունիսի 7-ը՝ ժամը 18։00-ը, հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am:
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները ատեստավորվում են միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կկազմվի մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները կներառվեն մեկ թեստում։
«5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից»,-ասաց նա
Փոխնախարարի խոսքով՝«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար պետք է ընտրեն բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
«Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:
«Ֆիզկուլտուրա» առարկայից ատեստավորումը կկազմակերպվի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը, «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաներից՝ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը, իսկ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը:
«Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաև ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացնի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Կարծիքներ