ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար

ՊՆ-ն հայտարարում է մրցույթ ՏՏ ոլորտի մասնագետ զորակոչիկների համար

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 2022թ․ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները գրանցվելիս՝

Առաջարկվող մրցույթներից ընտրում են ԱՏՄ խմբի համար կազմակերպվող մրցույթը
Նշում են իրենց մասնագիտական տվյալները ըստ 3 մասնագիտության՝ ծրագրավորում, կիբեռանվտանգություն կամ ցանցային ադմինիստրացիա
Կցում են անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ կամ, վերջիններիս բացակայության դեպքում, ծննդյան վկայական), ռեզյումե և առկայության դեպքում` հավելյալ փաստաթղթեր (դիպլոմ, ատեստատ, հավաստագրեր)
Գրանցման մասին զորակոչիկը պարտավոր է տեղեկացնել իրենց հաշվառման վայրի տարածքային զորահավաքային ծառայություն (զինվորական կոմիսարիատ): Գրանցված մասնակիցները քննությունից առաջ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով տեղեկանում են քննության անցկացման տեղի, օրվա և ժամի մասին։

Արդի տեխնոլոգիաների մշակումների խմբում զինվորական ծառայության նշանակվելու նպատակով անցկացվող ընտրությանը մասնակցելու նպատակով չեն կարող հաշվառվել`

պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպությունում պաշտպանության նախարարության պատվերով ռազմահաշվառական մասնագիտություն ստացած զորակոչիկները,
ռազմաուսումնական հաստատությունների դիմորդները,
հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում զինված ուժերի մասնագիտական ստորաբաժանումներում ծառայության նշանակվելու համար անցկացվող այլ մրցույթի մասնակցելու համար դիմած զորակոչիկները
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2022թ․-ի հունիսի 19-ը ներառյալ կարող են գրանցվել https://atmk.mil.am կայքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում