ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի օրական հայտնաբերված դեպքերի ռեկորդ է սահմանվում
ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 53 000 նոր դեպք․ սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է, գրում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին հայտնաբերվել է 53 069 նոր վարակակիր, մահացել է 649 մարդ․ այս ցուցանիշը գերազանցել է չորեքշաբթի սահմանված ռեկորդը, երբ վարակակիրների թիվը 52 000 էր։
Հինգշաբթի երեկոյի տվյալներով՝ ԱՄՆ-ում ընդհանուր վարակակիրների թիվը 2 739 092 է, որից 128 742-ը՝ մահվան ելքով։
Մեկ օրում հայտնաբերված վարակակիրների մեծ թվով ռեկորդ է սահմանվել 8՝ Ալյասկա, Արքանզաս, Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Մոնտանա, Հարավային Կառոլինա և Թենեսի նահանգներում։
Չնայած օրեցօր աճող այս թվերին՝ երկրում կարելի է հարյուրավոր մարդկանց նկատել լողափերում հանգստանալիս, որոնք ո՛չ դիմակ են կրում, ո՛չ սոցիալական հեռավորություն են պահում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին թվիթերյան իր օգտահաշվում մեկնաբանել է կորոնավիրուսի վարակակիրների թվի այս կտրուկ աճը և նշել, որ դրա պատճառն այն է, որ իրենք աշխարհում ամենալավ ու ամենազարգացած թեստային համակարգն ունեն։ Նախագահը հավելել է, որ երկրում մահվան ելքով դեպքերի նվազման միտում է նկատվում։
Կարծիքներ