ՀԷՑ-ին պատկանող՝ ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ կբաշխվեն ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին

Այսօր ՀԷՑ-ին պատկանող՝ ավելի քան երեք տասնյակ հատուկ տեխնիկատրանսպորտային միջոցներ (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) կբաշխվեն ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային տարածքային ստորաբաժանումներին, որոնց միջոցով մեր աշխատակիցներն ու հերթապահ խմբերն ավելի արագ եւ արդյունավետորեն կիրականացնեն վթարավերականգնողական աշխատանքները տեղերում։
Սա այն շուրջ վեց տասնյակ տեխնիկատրանսպորտային միջոցների մի մասն է, որոնք վարձակալության պայմանագրերով ՀԷՑ-ը տարիներ առաջ հանձնել էր «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված 4 կապալառու ընկերությունների, որոնք էլ ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրերով նախատեսված՝ աշխատանքներ էին իրականացնում նույն ՀԷՑ-ի համար, սակայն դրանց ընթացիկ սպասարկման եւ վերանորոգման ծախսերը թողնելով ՀԷՑ-ի վրա (նախատեսված՝ Պայմանագրով)։
Ընդ որում՝ վարձակալության Պայմանագրերի կնքումից ի վեր վարձակալության դիմաց՝ մինչեւ Ժամանակավոր կառավարչի նշանակումը, որեւէ վճարում վերջիններս չէին կատարել ՀԷՑ-ին։
Մեր ուսումնասիրությունների եւ իրավահարաբերությունների փոխադարձ ճշգրտումների արդյունքում պարզ դարձավ, որ վարձակալության Պայմանագրերով նախատեսված՝ 60-ից ավելի տեխնիկայի վարձակալության դիմաց ՀԷՑ-ին կապալառու ընկերությունների ունեցած դեբիտորական պարտքը կազմում է ավելի քան 180մլն ՀՀ դրամ։
Այդ Պայմանագրերն օրենքով սահմանված կարգով մեր նախաձեռնությամբ շաբաթներ առաջ խզվել են, հիշյալ տեխնիկատրանսպորտային միջոցներն ամբողջովին հետ են վերադարձվել ՀԷՑ-ին (ընդ որում՝ դրանց մի զգալի մասն անսարք եւ անմխիթար վիճակում), իսկ տվյալ սուբյեկտներին ՀԷՑ-ի կողմից վճարման հաշիվներ են ներկայացվել՝ մարելու գոյացած պարտավորությունները։
Նշված գումարից այս պահին մարվել է շուրջ 60մլն ՀՀ դրամ պարտավորություն։
Նշեմ նաեւ, որ ՀԷՑ-ի կենտրոնական ավտոպարկում եւ ենթակա մասնաճյուղերի ավտոտնտեսություններում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա, որոնցից սակայն շուրջ 200-ը պիտանի չեն հետագա շահագործման համար, եւ գտնվում են բացարձակ հնամաշ, անսարք եւ «փաստացի խոտանված» վիճակում. դրանք ենթակա են հետագա դուրս գրման եւ հաշվապահորեն՝ խոտանման ենթարկվելու։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին։
Կարծիքներ