Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից:
Ավելի վաղ գրել էինք, որ կառավարության 80 տոկոսը մոտ օրերս փոխվելու է։ Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցությանն է տվել կառավարություն ձևավորելու իրավունքը։
Խմբակցությունը և ԱԺ հանձնաժողովներն այս օրերին քննարկումներ են արել և թեկնածուներ առաջադրել։ Գրել էինք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը առաջարկել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը հակված չէր նշանակել Քոչարյանին։ Ամենահավանական թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն էր։
Նա 1999-2000 թթ. Պաշտպանության նախարարն էր, ում ժամանակին աշխատանքից ազատել է և աստիճանազրկել Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու մեղադրանքով։
Նա նշանակվել էր Վազգեն Սարգսյանի կողմից, երբ որ նա դարձավ վարչապետ։ Եվ ազատվել է վարչապետ Արամ Սարգսյանի հետ 2000 թվականի մայիսին։
Կարծիքներ