«Մշակութային ժառանգության պահպանություն» վերապատրաստման դասընթացը միտված էր փորձի փոխանակմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության և Իտալիայի մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության պահպանության Կարաբինիերների հրամանատարության հետ համատեղ կայացել է «Մշակութային ժառանգության պահպանություն» վերապատրաստման առցանց դասընթացը:
Դասընթացին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև ոլորտային կազմակերպությունների աշխատակիցներ:
Հնգօրյա դասընթացի շրջանակում Մշակութային ժառանգության պահպանության Կարաբինիերների հրամանատարության մասնագետները ներկայացրել են մշակութային ժառանգության պահպանության ոլորտում իտալական օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաների նորմատիվ ընթացակարգերը: Անդրադարձ է կատարվել թանգարանների անվտանգային համակարգերին, ինչպես նաև հնագիտության ոլորտում Իտալիայում գործող պաշտպանական մեխանիզմներին և իրավական գործիքակազմերին:
Առանցքային թեմաներից էր մշակութային արժեքների շրջանառության, արվեստի գործերի կեղծման, վաճառքի, դրանց առգրավման իրավակարգավորումների ներկայացումն ինչպես իտալական փորձի, այնպես էլ INTERPOL-ի հետ համագործակցության շրջանակում: Առանձին ներկայացվել է նաև աշխարհում գողացված մշակութային առարկաների ամենամեծ համակարգը՝ իտալական Լեոնարդո (Leonardo Database) շտեմարանը:
«Մշակութային ժառանգության պահպանություն» վերապատրաստման դասընթացը կարևոր նախաձեռնություն էր միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդման, եվրոպական լավագույն փորձի փոխանցման, մասնագիտական կարողությունների զարգացման, ինպես նաև հայ-իտալական համագործակցության հեռանկարների ընդլայնման համատեքստում:
Կարծիքներ