ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՉԺՀ դեսպանը նախանշել են համագործակցության որոշակի ուղղություններ
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանին և դեսպանության ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանը, ողջունելով հյուրին, նախ շնորհավորել է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առիթով ու ընդգծել երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության և բարեկամական կապերի նշանակալի իրողությունները:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր խոսքում կարևորել է պետությունների երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և փաստել, որ շարունակական քայլեր են իրականացվում համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ:
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել նաև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին՝ Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրված համաձայնագրի դրույթներին՝ վստահություն հայտնելով, որ ինչպես հիշյալ փաստաթղթի, այնպես էլ հետագա շարունակական շփումների արդյունքում կձևավորվեն առավել համակողմանի գործակցության հնարավորություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըատղ աղբյուրի՝ Կոմիտեի նախագահ Քյարամյանն ու դեսպան Յոնգ Ֆանը պայմանավորվածություն են ձեռք բերել Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց և դեսպանության իրավական հարցերով պատասխանատուների միջև կապերի հաստատման ու համատեղ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և նախանշել համագործակցության որոշակի ուղղություններ:
Կարծիքներ