Ֆրանսիան զսպվածության կոչ է արել և մտահոգություն հայտնել Երասխում քաղաքացիական բնակչության թիրախավորման կապակցությամբ
Ֆրանսիան պատրաստակամ է՝ նպաստելու խաղաղության վերականգնմանը՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի բնակչության:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, Երասխի քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ։
Փարիզը կոչ է արել զսպվածություն դրսևորել, ձգտել դեէսկալացիայի և պաշտպանել խաղաղ բնակչությանը, կատարել Լաչինի միջանցքում երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
«Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների հերթական փուլը՝ Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ: Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել քննարկվող մի շարք հարցերի ուղղությամբ, որոնք կարող են կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ ապրիլին ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այցելել էր Հայաստան և Ադրբեջան՝ նպաստելու կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի կնքմանը: Այդ ջանքերն, ըստ գերատեսչության, իրականացվում են Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ:
Կարծիքներ