ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալն ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալն ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանը հունիսի 22-ին ստուգայց է կատարել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, այցի շրջանակներում տնօրենի տեղակալը, մարզային փրկարարական վարչության պետի ուղեկցությամբ եղել է Ճամբարակի, Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում։

«Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատում Ե․ Կարապետյանը հետևեց հերթափոխերի ընդունման-հանձնման գործընթացին, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքի-տեխնիկայի վիճակին, աշխատանքային խնդիրներին, ստուգեց անձնակազմի փաստաթղթերի առկայությունը և համապատասխանությունը։ Տվեց մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ շենքային պայմանների բարելավման և վերանորոգման աշխատանքների հետ կապված։

Մարտունու և Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատներում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, ստուգեց տեխնիկական հագեցվածությունը, զրուցեց անձնակազմի հետ։

Մարզային փրկարարական վարչության պետ Գ․ Գալստյանը տնօրենի տեղակալին ներկայացրեց մարզում առկա նոր վերանորոգված շարժական տնակը, որն արդեն լիովին պատրաստ է ամառային և ձմեռային պայմաններում հերթապահող անձնակազմի ծառայությունը պատշաճ և հարմարավետ կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ավարտին Եգոր Կարապետյանն անձնակազմին կրկին անգամ հորդորել է բարձր պատասխանատվությամբ մոտենալ առաջիկայում սպասվելիք կամավոր ատեստավորմանը, միաժամանակ՝ լավ պատրաստվել հուլիսին տեղի ունենալիք որակավորման գործընթացներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում