Իրանը Մոսադին մեղադրել է հրթիռային և օդատիեզերական ոլորտի դեմ սաբոտաժի «ամենամեծ» փորձի մեջ

Իրանը Մոսադին մեղադրել է հրթիռային և օդատիեզերական ոլորտի դեմ սաբոտաժի «ամենամեծ» փորձի մեջ

Իրանի հետախուզությունը հաղորդել է, որ խափանել է իսրայելական սաբոտաժը, որը թիրախավորում էր Իրանի պաշտպանական արդյունաբերությունը։ Իրանի պաշտպանության նախարարության հետախուզական կազմակերպությունը սա որակել է որպես երկրի հրթիռային և օդատիեզերական ոլորտի դեմ սաբոտաժի «ամենամեծ» փորձը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Tasnim գործակալությունից, դավադրությունը կազմակերպվել էր «իսրայելական վարչակարգի լրտեսական ծառայությունների և նրանց համաշխարհային դաշնակիցների կողմից»՝ Իրանի պաշտպանունակությունը խաթարելու նպատակով։

Ըստ Հետախուզական կազմակերպության պաշտոնյաներից մեկի՝ Իրանի հրթիռային ներուժը լուրջ զսպող ուժ է հնարավոր սպառնալիքների դեմ, հետևաբար, հրթիռների արդյունաբերությունը «թշնամական կազմակերպությունների լրտեսական ջանքերի հիմնական թիրախն» է դառնում։

Հրապարակման համաձայն՝ Իրանի հետախուզական ուժերը հաջողությամբ կազմալուծել են պրոֆեսիոնալ ցանցը, որը դավադրությամբ փորձում էր առաջադեմ հրթիռների արտադրության գործընթացում ներմուծել  «անսարք և սարքավորված բաղադրիչներ»:

«Ցանցը, գործելով Մոսադի անմիջական հրահանգով, ձգտում էր վաճառել այդ սարքավորված մասերը՝ նպատակ ունենալով արտադրված հրթիռները վերածել պայթուցիկ սարքերի՝ վտանգ ներկայացնելով ինչպես արդյունաբերական օբյեկտների, այնպես էլ այս ոլորտում աշխատող աշխատակիցների համար», - ասել է աղբյուրը՝ նշելով, որ Մոսադի օպերատիվ աշխատողները ձերբակալվել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում