Արցախի ներդրումային հիմնադրամին ժամկետանց պարտավորություն ունեցողներին պարտքերը մարելու ծանուցումներ են տրվել
Արցախի Հանրապետության պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանի 2023 թվականի ապրիլի 26-ի հանձնարարականի համաձայն` Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվում է ժամկետանց պարտավորություններ ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներդրումային հիմնադրամը:
Հաշվի առնելով գործընթացի մեծ ծավալը և սոցիալական արդարության ապահովման անհրաժեշտությունը՝ Հիմնադրամի կողմից որոշում է կայացվել այն իրականացնել փուլերով՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով և գրավոր ծանուցագրեր ուղարկելով Հիմնադրամի նկատմամբ քսան միլիոն և ավել ժամկետանց պարտավորություններ ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Սահմանված շեմից ցածր չափի ժամկետանց պարտավորություններ ունեցող փոխառուների պարագայում սահմանափակվել ենք ընդամենը իրազեկող հեռախոսազանգով:
Առ այսօր ծանուցվել են ժամկետանց պարտավորություններ ունեցող 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձինք, որոնց հանրագումարային պարտավորությունը հիմնադրամի նկատմամբ կազմում է 51 747 878 000 ՀՀ դրամ:
Ծանուցված սուբյեկտներին տրվել է ողջամիտ ժամկետ պարտավորությունները կատարելու համար՝ պարզաբանմամբ, որ հակառակ պարագայում գումարը բռնագանձելու համար Հիմնադրամը քաղաքացիական հայց է ներկայացնելու դատարան:
Ի պատասխան Հիմնադրամի նկատմամբ անհարկի ու առանձին դեպքերում նաև բացահայտ ինքնապաշտպանական նպատակ հետապնդող հայտարարությունների՝ իրազեկում ենք, որ Հիմնադրամը իր գործողություններում հաշվի է առնելու նաև շրջափակման հարուցած ճգնաժամային պայմանները և հատկապես փոքր չափի պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց պարագայում գործընթացը առավելագույնս կատարվելու է բանակցային ճանապարհով:
Կարծիքներ