ՀՀ դեսպանն իսրայելական շաբաթաթերթին է ներկայացրել երկրների հարաբերությունների զարգացման իր տեսլականը
Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը հայ-իսրայելական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարի մասին հարցազրույց է տվել Իսրայելի «ГЛОБУС» շաբաթաթերթին: «Արմենպրես»-ը դեսպանի հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ.
Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլից, սակայն երկու պետություններում մշտական դեսպանություններ բացելու գործընթացը ձգվեց երկար տարիներ:
Վերջապես 2019թ. սեպտեմբերին հայտնի դարձավ Հայաստանի՝ Իսրայելում դեսպանություն բացելու մտադրության մասին:
Իսրայելում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց 2020թ. փետրվարի 25-ին, սակայն թագավարակի համաճարակը ճշգրտումներ կատարեց Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի առաքելության մեկնարկի ժամկետներում։
Այսօր բոլոր խոչընդոտներն անցյալում են, և մենք զրուցում ենք պարոն դեսպանի հետ ՀՀ դեսպանության աշխատասենյակներից մեկում, որը գտնվում է Թել Ավիվի առափնյա փողոցի «Բեյդ Տեքստիլ» շենքում:
Հարց. Բարի օր, Արմեն Բագրատի, ուրախ ենք ողջունել Ձեզ մեր երկրում, մենք դրան երկար ենք սպասել, չէ՞ որ երկու ժողովուրդների՝ հայերի և հրեաների միջև շատ ընդհանրություններ կան: Ստացվում է, որ մեզ միավորող անտեսանելի կապերի հաստատումն իրականություն դարձավ դիվանագիտական հարթակում:
Արմեն Սմբատյան. Սկսենք այն անվիճելի փաստի արձանագրումից, որ Հայաստանի և Իսրայելի միջև միջպետական հարաբերությունները մեկնարկի փուլում են, սակայն դա բնավ չի նշանակում, որ հայերը և հրեաները նոր են ճանաչել միմյանց: Ամբողջ աշխարհում ապրող հայերը, գիտեն, որ հենց հրեա ժողովրդի ներկայացուցիչները՝ դիվանագետները, իրավաբանները, գրողները նախ սահմանեցին ցեղասպանության հասկացությունը և լիարժեք ընկալելու այդ ողբերգության հակաքաղաքակրթային, բարբարոսական էությունը համայն աշխարհի կողմից:
Ուզում եմ հատկապես նշել, որ հայտնի մարդասերներ և մտավորականներ՝ Մորգենթաուն, Մանդելշտամը, Լեմկինը և Վերֆելն իրականացրել են իրենց աստվածահաճո գործունեությունն ի շահ հայ ժողովրդի՝ իրենց սրտի կանչով, հրեական ժողովրդի հոգևոր առաջնորդների բարոյականության և էթիկայի լավագույն ավանդույթներով, որոնք պատմական բոլոր դարաշրջաններում ձգտել են հասնել արդարության և ապահովել բարեկեցություն բոլոր ժողովուրդների համար:
Թվում էր՝ այդ տարիներին, երբ նոր վտանգներ ու անհանգստություններ կային ապագայի առնչությամբ, երբ դեռ գոյություն չուներ հրեական պետությունը, ինչպիսին այսօր Իսրայելն է՝ կոչված ապահովելու հրեա ժողովրդի անվտանգությունն ու բարգավաճումը, նման յուրահատուկ անձինք պետք է մտահոգված լինեին ազգային բնույթի խնդիրներով: Սակայն, նրանք հաստատեցին իրենց նվիրվածությունը համընդհանուր հումանիտար գաղափարներին, ուժ գտան և կարողացան հայ ժողովրդի համար անել այն, ինչ համոզված եմ, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և երախտապարտ կլինի նրանց բոլոր ժամանակներում:
Հարց․ Հաճելի է դա լսելը, չէ՞ որ այսօր քաղաքական գործիչներից քչերն են հավատարիմ հումանիտար գաղափարներին: Եվ ինչպե՞ս դա իր արտացոլումը կգտնի միջպետական ոլորտում:
Արմեն Սմբատյան․ Իսրայելի Պետության յոթ տասնամյակների ներդաշնակ և բարեհաջող զարգացումն, անկասկած, կարևոր օրինակ է Հայաստանի Հանրապետության համար: Ակնհայտ է, որ միջպետական հարաբերությունները մեր երկրների միջև կզարգանան այն պատմական և գործնական ուղղությամբ, որտեղ հայ և հրեա ժողովուրդները գոյատևել են վերջին 2 հազարամյակների ընթացքում, որի ժամանակ կարողացել են հասնել փոխադարձ հարգանքի բարձր մակարդակի, ինչպես նաև լիարժեք ազգամիջյան, կենցաղային և պարզապես մարդկային հարաբերությունների: Ընդ որում, մեր ժողովուրդները կուտակել և զարգացրել են պատմական փորձը, որը ոչ միայն բավականին տարբերվում է իրարից, այլ նաև համընկնում է շատ ասպեկտներում: Ուզում եմ նշել ողջ պատասխանատվությամբ իմ համոզմունքն առ այն, որ այսօր մեր ժողովուրդները հենց այդպես են վերաբերվում միմյանց և գիտակցում են համատեղ առաջ շարժվելու անհրաժեշտությունը:
Հարց. Մեզ հայտնի է, որ Դուք ոչ միայն փորձառու քաղաքական գործիչ և դիվանագետ եք, այլ նաև ակնառու մշակութային գործիչ: Դուք հավատում ե՞ք, որ հումանիտար և մշակութային ծրագրերը, նախկինի պես կարող են փրկել աշխարհը և մասնավորապես՝ մեր երկու երկրներն այս բարդ պատմական ժամանակահատվածում:
Արմեն Սմբատյան. Ես նույնպես տվել եմ ինձ այդ հարցը՝ ինչից կարող են Հայաստանը և Իսրայելը սկսել համատեղ մեկնարկը դեպի ապագա, որն առաջին հերթին ընդգրկում է երկկողմ միջպետական հարաբերությունները: Եվ հասկացա, որ այլընտրանք չեմ տեսնում հումանիտար շփումներին և ծրագրերին, որոնք շարժիչ ուժ են հանդիսանում 21 դարում երկրների և ժողովուրդների միջև կայուն, անշրջելի, արդյունավետ և բազմակողմ համագործակցության մեկնարկի և ապահովման համար:
Հայ-իսրայելական հարաբերությունների հեռանկարն ինձ հուշում է ոչ միայն կրթության և նոր տեխնոլոգիաների ոլորտի ծրագրերի մշակման և կառավարման գործում ունեցած 50-ամյա փորձս, 40 տարվա փորձը՝ որպես լայնածավալ ծրագրերի կազմակերպիչ և պատասխանատու պետական ծառայող, այլ նաև իմ 20 տարվա դիվանագիտական փորձը՝ որպես արտակարգ և լիազոր դեսպան: Հուշարձանների տեղադրումը և բացումը, համերգների և ցուցահանդեսների կազմակերպումը, մշակույթի և արվեստի թեմատիկ լսումների անցկացումը, գիտակրթական կոնֆերանսների և սեմինարների, գրական և երաժշտական երեկոների կազմակերպումն արժանի արձագանք և բարձր գնահատական կստանան հայ և իսրայելական հասարակության կողմից: Դրանք անքակտելի հիմք կծառայեն մեր երկու երկրների հասարակական և պետական բոլոր բնագավառներում՝ համագործակցության ընդլայնման համար: Ավելին, իրադարձությունների նման զարգացումը թույլ կտա մեր ժողովուրդներին իրացնել փոխհասկացվածությունը, դա հասցնել ժամանակակից պահանջների մակարդակին, բացառել թյուրիմացությունները համատեղ համագործակցության ճանապարհին, ինչը թույլ կտա ներդնել շտկումների համակարգ, բացառել չհասկացվածությունը, որը, ցավոք սրտի, առկա է լինում մեծ գործերի և մտադրությունների սկզբնական շրջանում:
Հարց. Մեր առջև իսկապես բացվում են տպավորիչ հեռանկարներ. ասացեք խնդրեմ՝ ինչու՞ ՀՀ դեսպանության բացումը մեր երկրում հնարավոր դարձավ հենց այս ժամանակ, ի՞նչն էր դրան խոչընդոտում:
Արմեն Սմբատյան. ՀՀ դեսպանության բացումն Իսրայելում հատկապես հիմա, այլ ոչ թե ավելի վաղ, հաստատում է դժվարությունների առկայությունը, որոնք գոյություն ունեին անցյալում և հաղթահարվել են հարգալից և բաց երկխոսության շնորհիվ: Հենց այդ արդյունքը հաստատում է, որ միջպետական հարաբերությունների հաստատման սկզբնական նպատակը և զարգացումը նույնքան կարևոր է մնում մեր երկու երկրների համար, իսկ կառուցողական և բաց երկխոսությունն անցկացնելու ունակությունը մեզ հնարավորություն կտա հաղթահարել ցանկացած բնույթի խնդիրներ, այն դեպքերում, երբ դրանք կառաջանան:
Ես չեմ կասկածում, որ հենց այդ ճանապարհով էլ կզարգանան հարաբերությունները մեր երկու երկրների միջև, ի շահ մեր ժողովուրդների՝ նպաստելով նրանց անվտանգությանը և բարգավաճմանը:
Երկու տարի առաջ ՀՀ ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հեղափոխության պայմաններում, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթությունների զգալի ընդլայնման, երկկողմ, բազմակողմ, միջպետական հին շփումների թարմացման և դրանց արդիականացման շրջանակներում իր ժողովրդի բարեկեցության և զարգացման ապահովման համար Իսրայելի Պետության անցած ճանապարհը ցայտուն և վառ օրինակ կծառայի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման համար:
Շնորհակալություն պարո՛ն դեսպան, բովանդակալից զրույցի համար. մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք Իսրայելում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Կարծիքներ