Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա. պատգամավորը մանրամասներ է պատմում առավոտվա միջադեպից

Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա. պատգամավորը մանրամասներ է պատմում առավոտվա միջադեպից

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել առավոտյան խորհրդարանի մոտ տեղի ունեցած միջադեպից:

Գաբրիելյանն ասել է, որ համացանցում տեղադրված կադրերում բացակայում է միջադեպի սկիզբը. իսկ սկզբում, մինչեւ իր՝ մեքենայից դուրս գալը, հարվածներ են եղել մեքենայի վրա, հայհոյանքներ իր ուղղությամբ.

«Մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի, որ չեմ փախչում, գոնե ճանապարհը բացեն ես իջնեմ: Երեք-չորսի դեմքն եմ շատ լավ հիշում, որ ծաղրական-խուլիգանական արտահայտություններ էին անում, վիրավորում: Ես պատուհանները բարձրացնում եմ, ենթադրելով, որ ոստիկանությունը վերեւից կգա, որպեսզի կանխի միջադեպը: Երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու շատ ուժեղ հարված է լինում մեքենային ու տեսանյութում էլ արդեն երեւում է, որ պատուհանն իջեցնում եմ ու հարցնում` ով հարվածեց, արա՛: Այնտեղից էլի կոպիտ պատասխան է լինում, ես մեքենայից դուրս եմ գալիս ու մնացածն արդեն քաղաքացիները տեսել են»,- ասել է Գաբրիելյանը: 

Անդրադառնալով այն տեսանյութին, որտեղ երեւում է, թե ինչպես է ինքը հարվածում ընկած քաղաքացուն՝ պատգամավորը նշել է, որ այդ հատվածի սկիզբը եւս ներկայացված չէ հրապարակված տեսանյութում:

«Այնտեղ կա մի հատված, որտեղից երևում է, որ քաղաքացի է գետնին ընկած ու ես իրեն հարվածում եմ: Այդ քաղաքացին մոտեցավ ինձ, բռնել էր պիջակիցս»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միջադեպի պահին հիշելով նոյեմբերի 9-ին ԱԺ նախագահի հետ նույն վայրում տեղի ունեցածը՝ որոշել է ինքնապաշտպանվել:

«Մոտ 10-15 հոգով հարձակվել էին ինձ վրա: Իմ հասցեին հնչել են հայհոյանքներ, ես էլ համարժեք պատասխանել եմ»,- նշել է պատգամավորը:

Նա հավելել է, որ երբեք չի խուսափել եւ հիմա էլ չի խուսափում ցանկացած հարցի վերաբերյալ լսել քաղաքացիների դիրքորոշումը, միշտ պատրաստ է զրուցել նրանց հետ, նույնիսկն հասկանում է մարդկանց զայրույթը, որովհետեւ բոլորս հայրենիքի մի հատված ենք կորցրել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ մուտքի մոտ: ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ կանգնեցրել էին պատգամավորի մեքենան, հարվածել դրան, այնուհետեւ երբ պատգամավորը մեքենայից իջել էր՝ սկսել էին ձվերով հարվածել նրան: Արդյունքում քաշքշուկ էր տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում