Լավրովը պատասխանել է իրենից «վիրավորված» ուկրաինացի գործընկերոջը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ միշտ բաց է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ երկխոսության համար, սակայն նրա կողմից ցանկություն չի տեսնում, գրում է ria.ru-ն։
«Եթե իմ ուկրաինացի գործընկերոջ մոտ ցանկություն առաջանա լրջորեն քննարկել կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են Կիևի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարմանը, «նորմանդական ձևաչափի» փարիզյան գագաթնաժողովի պայմանավորվածություններին կամ Ուկրաինայի հետ մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք միշտ բաց ենք երկխոսության համար»,- հայտարարել է Լավրովը։
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտնել էր, որ վիրավորվել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից այն բանի համար, որ վերջինս չի ցանկանում իր հետ կապ հաստատել ո՛չ երկկողմ, ո՛չ էլ նորմանդական ձևաչափով:
Նա տեղեկացրել էր, որ Լավրովը չի պատասխանել իր զանգին և Դոնբասում իրավիճակի սրման շուրջ խոսելու խնդրանքին: Նրա կարծիքով, նախարարությունները պետք է ունենան կապի ուղիներ, և, իր կողմից, նա պատրաստ է զրուցել ռուս գործընկերոջ հետ:
«Իհարկե, ես արցունք չեմ թափել, բայց վիրավորված եմ, որ չկա շփում և խոսելու հնարավորություն», -ասել էր Կուլեբան:
«Ես ոչ մի դեպքում հակառուս չեմ, ես 100 տոկոսով ուկրաինամետ եմ: Որպես նախարար, առավել ևս արտաքին գործերի նախարար, ես չեմ կարող ըստ սահմանման դեմ լինել որևէ երկրի: Քանի որ մենք պետք է այս կամ այն կերպ գործ ունենանք յուրաքանչյուր երկրի հետ: Ինչ-որ մեկի հետ` որպես ընկերոջ, մեկի հետ` որպես թշնամի, մեկի հետ՝ որպես ոչ հուսալի գործընկեր կամ հուսալի, բայց պետք է գործ ունենալ: Ուստի ես վճռականորեն մերժում եմ այն մեղադրանքները, որ ես հակառուս եմ»,- հավելել էր ուկրաինացի նախարարը:
Կարծիքներ