Վերադարձի ոլորտում հայաստանյան փորձառությունը ԵՄ գործընկերները բարձր են գնահատել
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը երեկ մասնակցել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) բարձրաստիճան պաշտոնյաների 7-րդ կլոր սեղան քննարկմանը վերադարձի հարցերի վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են անդամ պետությունների այն մարմինների ղեկավարները, որոնք լիազորված են մշակելու և իրականացնելու վերադարձի ոլորտի քաղաքականությունը, այդ թվում՝ կամավոր վերադարձը և վերադարձից հետո իրականացվող գործընթացները։ Քննարկմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էին նաև ERRIN-ի անդամ չհանդիսացող պետությունների միգրացիոն մարմինների պատասխանատուները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ԵՄ անդամ-պետությունների արտաքին սահմաններում համագործակցության կառավարման եվրոպական գործակալության (FRONTEX) վերադարձի ոլորտում իրականացվող գործունեությունը և գործակալության աջակցությամբ անդամ պետություններում իրականացվող ծրագրերը։
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, բարձր գնահատելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրի արդյունավետությունը, նշել է, որ այն էական աջակցություն է ցուցաբերել վերջին տարիներին ԵՄ պետություններից Հայաստան վերադարձող քաղաքացիներին՝ նոր մակարդակի բարձրացնելով վերաինտեգրման փորձառությունը Հայաստանում։
«Մենք կուտակված փորձառության հիման վրա նաև պետական ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծեցինք և վերաինտեգրման առաջնային աջակցության ծրագիր մշակեցիք, որը երկու տարի է՝ իրականացնում ենք»,- փաստել է նա։
Նիդերլանդների Արդարադատության և անվտանգության նախարարության հայրենադարձության և վերադարձի ծառայության ղեկավար Յանիտա Ռոբերսը բարձր է գնահատել Հայաստանի փորձը՝ այն որակելով լավագույններից մեկը ոլորտում։
Քննարկման մյուս մասնակիցները ևս կարևորել են հատկապես Հայաստանի միգրացիոն ծառայության ջանքերն ու հաջողությունները վերադարձի ոլորտում գործնական քայլերի, հետևողականության և ինստիտուտների ստեղծման ու զարգացման ուղղությամբ։
Կարծիքներ