Հայաստանում և Մոլդովայում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ. Սիմա Շահ

Հայաստանում և Մոլդովայում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ. Սիմա Շահ

Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցության և ժողովրդավարության միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը հայտարարել է, որ ժողովրդավարության  էական աճի նոր էպիկենտրոններ են ի հայտ եկել Եվրոպայում. և այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը և Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմա Շահը նման տեսակետ է հայտնել   «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնցում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ։     

«Մասնավորապես խոսքի ազատության իրավունքի կիրարկման տեսանկյունից ամբողջ աշխարհում նկատվում է անկում, մինչդեռ Հայաստանում, Մոլդովայում և Սլովենիայում այդ առումով գրանցվել է զգալի աճ։ Սլովենիայում նույնիսկ անցկացվեց հանրաքվե այն բարեփոխումների վերաբերյալ, որոնք նպաստում են հանրային հեռարձակման անկախությանը, ինչը մեծ հաղթանակ է տեղի ԶԼՄ-ների համար։ Մոլդովայում ստեղծվել է նոր դատարան, որի գործունեության տիրույթում բացարձակապես կոռուպցիոն գործերի քննումն է, և որի աշխատանքը նպաստում է այդ երկրում կոռուպցիայի մակարդակի նվազմանը»,- ասել է Սիմա Շահը։

Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ այն ինստիտուտների գործունեության վրա, որոնք աջակցում են ժողովրդավարական գործընթացներին, առավել ևս, որ աշխարհում տեղի են ունենում ժողովրդավարական ընտրություններ, գործում են էֆեկտիվ խորհրդարաններ, ապահովվում է հասանելիությունն արդարադատությանը։ Ըստ նրա՝ պետք է սևեռուն ուշադրություն դարձնել գործընթացների թափանցիկությանը և օրենսդրությունների հզորացմանը, ինչպես նաև այն միջավայրերին, որոնցում կիրարկվում են այդ օրենսդրությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում