«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով

2023 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում («Կատապուլտ տաղավար») կներկայացվեն «Կատապուլտ» ծրագրի կապսուլային նախագծերի մասնակիցները:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, բացահայտում է ծրագրի տաղանդավոր մասնակիցներին և նրանց արտադրանքը Հայաստանի ստեղծագործական տարբեր ոլորտներում:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը կներկայացվի 6 հարթակով՝

ԿԱՊՍՈՒԼ 1: ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ | ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ - Նորաձևության և դիզայնի պալատ (ՆԴՊ)

Հայկական նորաձևություն. «Կատապուլտ տաղավար»-ի նորաձևության կապսուլային նախագիծը ցուցադրում է հայկական նորաձևության ավելի քան 20 ապրանքանիշեր, գարուն-ամառ հավաքածուներ՝ ոգեշնչված «Pantone/Պանթոն» երանգներով:

ԿԱՊՍՈՒԼ 2: ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ|:DDD Kunst House և PROUN/:DDD Կունստ Հաուս և Փրոուն

:DDD Kunst House/:DDD Կունստ Հաուս. «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլն ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաները աստիճանաբար զբաղեցնում մարդու տեղը: Նախագիծը ներկայացված է արվեստի հավելվածի և յուրահատուկ ինստալյացիայի միջոցով:

PROUN/Փրոուն. «Կատապուլտ տաղավար»-ի ստեղծարար տեխնոլոգիաների կապսուլը վիրտուալ պատկերասրահ է, որտեղ արվեստագետների թվային գործերն են և NFT-երը՝ մետավերսում:

ԿԱՊՍՈՒԼ 3: ԽԱՌԸ/ԱՅԼ| ԻմՊրինտ - ԶՎՈՆ Ստուդիա

«ԻմՊրինտ» խորագրով ցուցադրությունը միավորում է դիզայնը, ճարտարապետությունը և տպագրությունը՝ անդրադառնալով գրքերի ու Երևանի քաղաքային միջավայրի փոխհարաբերություններին:

ԿԱՊՍՈՒԼ 4: Տեսողական արվեստ|Թելից դեպի հյուսվածք - Ժամանակակից արվեստի ինստիտուտ. Նախագծային լաբորատորիա

Թելից դեպի հյուսվածք՝ նյութի փոխակերպման ճանապարհը. «Կատապուլտ տաղավար»-ի վիզուալ արվեստի կապսուլը կներկայացվի Ժամանակակից արվեստի ինստիտուտի լաբորատորիայի կողմից՝ ցուցադրելով այն արվեստագետների աշխատանքները, որոնք ներկայացնում են ավանդական և ժամանակակից մոտեցումների համադրությունը:

ԿԱՊՍՈՒԼ 5: ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳՐՔԵՐ

Արվեստի անկախ հրատարակիչներ - AHA Collective և MAN BAN Visual Culture Archive /ԱՀԱ կոլեկտիվ և «ՄԱՆ ԲԱՆ» տեսողական մշակութային արխիվ:

Անկախ հրատարակիչների կապսուլ. ԱՀԱ կոլեկտիվը և ՄԱՆ ԲԱՆ տեսողական մշակութային արխիվը ներկայացնում են ավելի քան 20 անկախ հրատարակիչների գրքեր, գեղարվեստական տպագրություններ և թերթեր:

ԿԱՊՍՈՒԼ 6: ԿՈՄԻՔՍՆԵՐ | Թումո Կոմիքսների Ստուդիո - Պանիկ Լաբ

Պանիկ Լաբ- «Կատապուլտ տաղավար»-ի կոմիքսների կապսուլում ներկայացված են զիններ, գրաֆիկական նովելներ, տպագրություն և բացիկներ՝ հայազգի անկախ կոմիքս արվեստագետների կողմից։

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից 2022 թ. գարնանը` «Ստեղծարար Հայաստան»-ի հետ համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:

«Կատապուլտ տաղավար»-ի բացման միջոցառումը տեղի կունենա 2023 թ. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում