Արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսը

Արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արա Խզմալյանն ու Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել գործընթացի վերաբերյալ:

Կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուր, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները:

Պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների ատեստավորման գործընթացը կիրականացվի ապրիլի 29-ին, իսկ երաժշտական դպրոցների դաշնամուր, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողներինը՝ ապրիլի 30-ին:

Հնարավորություն նաև որևէ արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող մասնագետների համար

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը և դրա միջոցով խրախուսման տարբեր մեխանիզմների կիրառմանը պետությունը կարևոր տեղ է հատկացնում. «Արդեն երկու տարի է՝ մեկնարկել է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, այս տարվանից որոշակի մասնագիտացումների ուղղությամբ մեկնարկում է նաև արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը, որը հնարավորություն կտա թեստավորման միջոցով գնահատելու մանկավարժների կարողությունը, իսկ թեստավորման և ատեստացիայի արդյունքներով կկիրառվեն խրախուսման մեխանիզմները: Վստահ եմ, որ գործընթացը միտված է լինելու ինչպես ոլորտում աշխատող մանկավարժների մոտիվացիայի, այնպես էլ ընդհանուր գործընթացի արդյունավետության բարձրացմանը»:

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս տարվանից ատեստավորմանը կմասնակցեն նաև արտադպրոցական ուսհաստատությունում չաշխատող մասնագետները:

«Կկարողանանք ներգրավել նոր մանկավարժների, որովհետև թե՛ դպրոցական և թե՛ արտադպրոցական ոլորտում մասնագետների պակաս ունենք: Գործընթացը միտված է այս բացի լրացմանը, և պատահական չէ, որ այս տարվանից ատեստավորմանը հնարավորություն տրվել է որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող մասնագետներին, այսինքն՝ մասնագետներին, որոնք կարող են լրացնել աշխատաշուկայի բացը: Այս մասնագետներն աշխատանքի ընդունվելուց անմիջապես հետո կարող են ունենալ խրախուսման այն մեխանիզմները, աշխատավարձի և լրավճարի այն չափաքանակը, որը պլանավորված է արդեն իսկ աշխատող մասնագետի համար»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ատեստավորման արդյունքներով նախատեսված հավելավճարները.

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ նախատեսված է 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 100.000 դրամ,
80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 80.000 դրամ,
70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար. հարկերը և տուրքերը հանած՝ 60.000 դրամ,
79-ը տոկոսից ցածր արդյունք ցուցաբերած մասնագետները լրավճար ստանալու հնարավորություն չեն ունենա:
«Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճարը տրվում է 5 տարի ժամկետով, որը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած, իսկ մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխման դեպքում լրավճարը պահպանվում է: Սահմանված արդյունքների դեպքում՝ մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ, 70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ: Իսկ նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով:

Ըստ վիճակագրության՝ ավելի քան 5000 մասնագետներ աշխատում են արվեստի, իսկ 2000-ը՝ սպորտի արտադպրոցական հաստատություններում: Ակնկալվում է, որ մշակույթի բնագավառից կամավոր ատեստավորման կդիմեն ավելի քան 600 մասնագետներ, իսկ սպորտի բնագավառից՝ 200:

Ստուգվում է ոչ թե կատարողական արվեստի բովանդակությունը, այլ՝ մանկավարժի ընդհանուր գիտելիքը

Անդրադառնալով արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուր, երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման գործընթացին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը մեկնաբանել է. «Այս ճանապարհով մենք չենք մտնում կատարողական արվեստի բովանդակության մեջ, սրանով ճշտում ենք՝ ինչքանով է մանկավարժը տիրապետում դասավանդման մեթոդաբանությանը, իր ոլորտում առկա գրականությանը, ձեռնարկներին, ընդհանուր գիտելիքներին, առանց որոնց՝ զբաղվել մանկավարժությամբ հնարավոր չէ»:

Նախարարի տեղակալը գործընթացի իրականացումը որակել է որպես քաղաքական լուրջ քայլ, որի նպատակը կրթության որակը բարձրացնելն է:

«Մեզ համար սա կարևոր է, որովհետև եթե այս համակարգը չկատարելագործվեց, չենք կարող խոսել կատարյալ կոնսերվատորիա ունենալու մասին, որի ապագան ևս պայմանավորված է այն կադրային հոսքով, որն ապահովելու են արվեստի և երաժշտական դպրոցները»,- ասել է Արա Խզմալյանը և հավելել, որ երաժշտության բնագավառում տարբեր մասնագետների, կադրերի մեծ պակաս կա: Եվ հաճախ երաժշտական կառույցներն իրենց համերգները լիարժեք կազմակերպելու նպատակով հրավիրում են դրսի երաժիշտների՝ այդ կերպ լրացնելով կադրերի բացը:

Փոխնախարարի գնահատմամբ՝ արվեստի և երաժշտական դպրոցների մանկավարժների ատեստավորումը և դրա միջոցով հավելավճարների տրամադրումը կակտիվացնի ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:

Սա վաղվա ՀՀ քաղաքացու, նրա պահանջմունքների և առօրյայի որակն է

Արա Խզմալյանն անդրադարձել է նաև իրականացվող կրթամշակութային ծրագրերին, որոնք ևս միտված են ոլորտի գրավչության բարձրացմանը. «Իրականացվում են աննախադեպ ծավալի կրթամշակութային ծրագրեր, որոնք վաղ տարիքից մեծացնում են հետաքրքրությունը դեպի մշակույթը, արվեստը, նպաստում են վաղվա մշակութային շուկայի ձևավորմանը: Սա միայն կրթություն չէ, սա վաղվա ՀՀ քաղաքացու, նրա պահանջմունքների և առօրյայի որակն է»:

Համալիր մոտեցմամբ տարբեր միջոցառումներ են իրականացվում սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, հրատարակվում են մեթոդական ձեռնարկներ, դասագրքեր արվեստի դպրոցների համար: Պարբերաբար կազմակերպվում են համայնքների երաժշտական դպրոցների սաների համերգներ մայրաքաղաքում՝ պատանի կատարողներին և ստեղծագործողներին մշտապես պահելով պետության ուշադրության կենտրոնում:

«Այդկերպ գույքագրում ենք ստեղծագործողների ներուժը և հետևում ենք նրանց կարիերայի առաջընթացին»,- ասել է Արա Խզմալյանը:

2022 թ. 1881 սովորողի ուսման վարձավճարների փոխհատուցում է տրվել

Նախարարի տեղակալն իրազեկել է նաև՝ ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցման ծրագրի շրջանակում 2022 թ ապահովվել է 145 երաժշտական և արվեստի դպրոցի 1881 սովորողի ուսման վարձավճարների փոխհատուցում, հրատարակվել է ուսումնամեթոդական 7 ձեռնարկ, ձեռք են բերվել երաժշտական գործիքներ, որոնցով համալրվում են դպրոցների հավաքածուները, վերապատրաստվել են մանկավարժները:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը ևս հաջողությամբ կպսակվի:

Շատ մարզաձևերում վերաորակավորված մասնագետների կարիք ունենք

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շեշտել է մի շարք մարզաձևերում վերաորակավորված մասնագետների անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ կամավոր ատեստավորումը կնպաստի նաև այս բացի լրացմանը:

«Ավելորդ է ասել, թե որքան կարևոր է առողջ սերունդ կրթելու անհրաժեշտությունը: Ավելի լավ է կառուցենք շատ մարզադպրոցներ, քան հետագայում՝ հիվանդանոցներ, իսկ մարզադպրոցներն առանց մարզիչների չեն լինում: Հենակետային մարզաձևերում այսօր մարզիչների խնդիր չունենք, բաց շատ մարզաձևերում վերաորակավորված մասնագետների կարիք ունենք: Ատեստավորման գործընթացը շատ կարևոր է նաև մեզ համար՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում: Մարզիչներն էլ հավելավճար կստանան և կբարելավեն իրենց կյանքի որակը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Բաղադրիչներ, որոնց պետք է տիրապետի մարզիչը

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորման արդյունքում մարզիչների աշխատավարձը գրեթե կրկնապատկվելու է. «Արդեն իսկ շատ զանգեր ենք ստանում ու գիտենք՝ մարզիչ-մանկավարժները շատ հետաքրքրված են: Հրապարակվել է ատեստավորման քննության թեստի լրացման ուղեցույցը, որում ներկայացված է թե՛ թեստի կառուցվածքը, թե՛ բովանդակությունը, թե՛ գրականության ցանկը, որից պետք է օգտվել՝ թեստերին պատրաստվելիս: Սպորտի ընդհանուր տեսություն, ընտրած մարզաձևի տեսություն և պրակտիկա, սպորտի մանկավարժություն, սպորտի հոգեբանություն և բժշկակենսաբանական հիմունքներ. սրանք այն կարևոր բաղադրիչներն են, որոնց մարզիչը պետք է տիրապետի: Ստացվել է այնպես, որ մարզիչները երբեմն ստվերում են մնում, հաջողության ժամանակ ավելի շատ մարզիկների անունն է հոլովվում, բայց մարզիչները հսկայական աշխատանք են իրականացնում, իսկ մարզչի աշխատանքն արդյունավետ է, եթե նա լավ, կիրթ մարզիչ է, տիրապետում է այս բոլոր մեխանիզմներին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ մարզիչներին հորդորելով մասնակցել կամավոր ատեստավորմանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Վերջիններիս աշխատանքի և հանգստի առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան կազմակերպության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով։

2024 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կունենան նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական հա­մակարգում» էլեկտրոնային եղանակով /at.emis.am/՝ մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18։00-ն: Կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ հայտ ներկայացնողը նույն էջում էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում՝ հայտի գրանցված լինելու մասին։ Նախարարությունը կթողարկի նաև իրազեկող հոլովակ՝ հաջորդական քայլերի և դիմելու ընթացակարգի մասին, որը կտրամադրվի ԶԼՄ-ներին։

Ատեստավորման գործընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 29-30-ը: Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորումը հաղթահարած մանկավարժները մայիսից արդեն կստանան լրավճարներ, որոնք կհաշվարկվեն նաև ապրիլի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում