Սպիտակուցներով հարուստ և ցածր կալորիականություն ունեցող վեց մթերք, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից
Ավելորդ քաշը ներկայում բավական տարածված ու վտանգավոր խնդիր է, որը զգալիորեն բարձրացնում է առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են օր առաջ սկսել պայքարն ավելորդ կիլոգրամների դեմ ու կարգի բերել կազմվածքը։
Բոլորին էլ հայտնի է, որ նիհարելու և քաշի ավելացումից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունը, սակայն խնդիրն այն է, որ նման փոփոխությունը կարող է դառնալ մշտական քաղցի պատճառ՝ բարձրացնելով խախտումների հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սննդամթերքի տեսակներով, որոնք կօգնեն հեշտությամբ հագեցնել քաղցն ու նվազեցնել ընդհանուր սննդակարգի կալորիականությունը։
Մասնագետների խոսքով՝ կալորիաների նվազեցումը սպիտակուցներով հարուստ սննդամթերի գործածության հետ համադրելու դեպքում կարելի է հասնել առավելագույնս լավ արդյունքի ու հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նման սննդակարգը կօգնի ոչ միայն նիհարել, այլև խուսափել մկանային հյուսվածքների կորստից, ինչը բավական տարածված խնդիր է նիհարել ցանկացողների շրջանում։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հիշել նաև օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի ու հակաօքսիդանտների ընդունման մասին, որոնք թույլ կտան խուսափել առողջական խնդիրներից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համեղ ու օգտակար վեց սպիտակուցային մթերք, որոնք ունեն ցածր կալորիականություն և օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ։
Սև լոբի. 100 գրամ խաշած սև լոբին պարունակում է ընդամենը 132 կկալ և տալիս է օրգանիզմին 8,8 գրամ սպիտակուց։ Բացի այդ, այն նաև հարուստ է մեծ քանակությամբ կալիումով, որը սրտամկանի համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է։
Վարսակի թեփ. Այս մթերքը նպաստում է մարսողության բարելավմանն ու օգնում է վերահսկողության տակ պահել քաշը։ Վարսակի թեփի 100 գրամում պարունակվում է ընդամենը 246 կալորիա և 17,3 գրամ սպիտակուց։
Թյունոս. Այս ձկնատեսակի 100 գրամում պարունակվում է ընդամենը 184 կալորիա, սակայն այն տալիս է օրգանիզմին 29 գրամ սպիտակուց։ Բացի այդ, թյունոսը հարուստ է նաև օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Հավի կրծքամիս. Այս մթերքի 100 գրամում պարունակվում է 24 գրամ սպիտակուց և 143 կալորիա։ Բացի այդ, հավի կրծքամիսը հարուստ է նաև հանքանյութերով ու վիտամիններով, ուստի ոչ միայն դիետիկ է, այլև շատ օգտակար։
Հավկիթ. Հասարակ հավիթը հասանելի ու որակյալ սպիտակուցի հիանալի աղբյուր է։ Այս մթերքի 100 գրամում պարունակվում է 143 կալորիա և 12,5 գրամ սպիտակուց։
Սաղմոններ. Այս ձկները 100 գրամում պարունակում են 142 կալորիա և 19,84 գրամ սպիտակուց։ Բացի այդ, դրանք հագեցնում են օրգանիզմը նաև մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անչափ օգտակար են սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար։
Կարծիքներ