Մահացել է բարերար Անուշ Մաթևոսյանը
Ամերիկայի հայկական համագումարը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է բարերար Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը:
«Ամեն ինչին սեփական ուժերով հասած, Նյու Յորքի անշարժ գույքի ձեռնարկատեր, ով սկսել էր իր մասնագիտական ուղին բուժքրոջ մասնագիտությունից: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով նա հովանավորեց լուրջ բարելավումներ Երևանի պետական համալսարանում, կառուցեց նոր դպրոց Արցախում, ամառային ճամբար՝ Եղեգնաձորում, իսկ երկրաշարժից տուժած Վանաձոր քաղաքում նրա բարերարությունն ընդունվեց իր պատվին դպրոցի անվանակոչմամբ։
Մաթևոսյանը նաև Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա աջակիցն էր և ծառայեց Հայկական ազգային ինստիտուտի ղեկավարների խորհրդում ու Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդում մինչև իր մահը: Նա նշանակեց դոկտոր Ռուբեն Ադալյանին որպես իր իրավահաջորդ Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի խորհրդում:
Անուշ Մաթևոսյանը եղել է Վաշինգտոն քաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման գաղափարի հեղինակը: Թե՛ որպես հայրենասեր հայ, թե՛ որպես առողջապահության ոլորտի մասնագետ, Մաթևոսյանը ուշադրությամբ հետևում էր Հայաստանում իրադարձություններին և զարգացումներին։
Նա եռանդով էր խոսում հայ ժողովրդի արժանիքների և թերությունների մասին՝ ինչպես տեսնում էր դրանք: Որքանով Մաթևոսյանը ցանկանում էր տեսնել, որ հայ երիտասարդները օգուտ էին ստանում լավ կրթությունից և իրենց ամառներն անցկացնում էին առողջ գործունեությամբ, այնքան էլ նպաստում էր կանանց առողջությանը՝ աջակցելով Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնին:
Անուշ Մաթևոսյանի հոգեհանգստի պատարագը տեղի կունենա հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 10-ին Նյու Յորքի Բեյսայդ քաղաքում, Քուինսում, Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում, որին կհաջորդի հուղարկավորման արարողությունը Նյու Յորք նահանգի Ֆլաշինգ քաղաքի Սեդար Գրով գերեզմանատանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ