Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:

Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։

Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը: Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը: Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները: Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:

ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից իրականացման անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում