Գեղարքունիքում տեղի ունեցած երկու վթարների հետևանքով 4 մարդ է մահացել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ երկու օրվա ընթացքում մահվան ելքով երկու ավտովթար է տեղի ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզում, որոնց հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ անչափահաս։
Դեպքերից մեկը տեղի է ունեցել 2023թ․ նոյեմբերի 04-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում՝ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում․ միմյանց են բախվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրում հաշվառված, 36-ամյա վարորդի կողմից վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի և ՌԴ քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայ 31-ամյա վարորդի վարած «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «Honda CRV» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 64-ամյա ուղևորը մահացել են։ Իսկ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 32-ամյա ուղևորը, ինչպես նաև «Honda CRV»-ի 33-ամյա ուղևոր ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» ԱԿ ընկերություն, ապա Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մյուս դեպքը կատարվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ հատվածում։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի 45-ամյա բնակչի վարած «Լեքսուզ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներից վարորդի 11-ամյա որդին ստացված վնասվածքներից մահացել է տեղում, իսկ 16-ամյա դուրստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից մահացել է բուժկենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Ավտոմեքենայի մյուս ուղևորները՝ վարորդի 20-ամյա դուստրը, 42-ամյա կինը, ինչպես նաև վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ։
Նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքերի վայրերի, տրանսպորտային միջոցների զննություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Վնասվածքներ ստացած անձանց հետ դեռևս հնարավոր չի եղել կատարել համապատասխան քննչական գործողություններ։
Դեպքերին առնչվող էական հանգամամանքների պարզման նպատակով համապատասխանաբար ոստիկանության Գավառի և Ճամբարակի բաժիններին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ։
Կատարվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ողբերգական ելքով վթարների պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու նպատակով։
Նախաքննությունը շարունակվում է
Կարծիքներ