«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունել է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունն` այն համարելով ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն կենտրոնի աչալուրջ գնահատական Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Միությունը նաև գնահատելի է համարել ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։
Անդրադարձում նշված է. «Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հերթական կարմիր դրոշի ահազանգ հայտարարությամբ՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները և վերջին հարձակումները Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ, ինչպես ենթադրվում էր նախկինում արված բազմաթիվ հրապարակումներից, ցեղասպանության վտանգը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ինստիտուտն ընդգծել է, որ Ադրբեջանը, վարելով Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն, նպատակ ունի ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։ Ադրբեջանը տարածքային պահանջներն իրականացնում է ռազմական ագրեսիայի սպառնալիքի միջոցով, և հանդես է գալիս հայատյաց հռետորաբանությամբ։
Ինստիտուտը ընդգծում է, որ Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որի նմանը տեղի ունեցավ վեց ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Լեմկինի ինստիտուտի՝ որպես ցեղասպանություն հանցագործության ուսումնասիրման կարևորագույն կենտրոնի աչալուրջ գնահատականը Հայաստանի շուրջ տիրող իրավիճակին։ Գնահատելի է ինստիտուտի մասնագիտական արձանագրումն ու անհանգստությունն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակով սպառնալով Հայաստանին և հայությանը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ևս ընդգծում է միջազգային պատասխանատու կենտրոնների հրատապ արձագանքի անհրաժեշտությունը։ Այդ արձագանքը պետք է հիմնված լինի ադրբեջանական սպառնալիքների տեսական անաչառ վերլուծությունների վրա, ինչպիսինն այսօր Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի արձանագրումն է»։
Կարծիքներ